Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ալերգիկ ռինոսինուսիտներ
Ալերգիկ ռինոսինուսիտները (ԱՌ) ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են, որով տառապում է երկրագնդի բնակչության 10-25%-ը: Այդ հիվանդությունների բազմազան դրսևորումներից առավել հաճախ հանդիպում են ալերգենների ներշնչումից առաջացող` շնչուղիների ախտահարումները:
Դժվար է այսօր երկրագնդի վրա գտնել կլիմայական մաքուր պայմաններ ունեցող մի վայր: Եթե հաշվի առնենք, որ մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդ շնչում է 120-150 հազար լիտր օդ (մեկ տարում` 50-55 մլն լիտր), ապա պարզ կդառնա, թե ինչպիսի կարևոր դեր ունի շրջակա մաքուր միջավայրը շնչառական օրգանների նորմալ գործունեության համար:
Քթի խոռոչի լորձաթաղանթի վաղ զգայունացումը պայմանավորված է ալերգիկ ծագման քթածոցաբորբերի բարձր հաճախականությամբ, որոնք կազմում են ալերգիկ հիվանդությունների քառորդ մասը: Քթի հավելյալ խոռոչներից ավելի հաճախ ախտահարվում են մաղոսկրի բջիջները և վերծնոտային հայմորյան խոռոչը: 1903թ. Պիրկեն և Շիկը վարակային և շիճուկային հիվանդություններն ուսումնասիրելիս պարզեցին, որ գաղտնի շրջանն անհրաժեշտ է ոչ թե մանրէների բազմացման, ինչպես կարծում էին մինչ այդ, այլ օրգանիզմի հակազդեցության փոփոխման համար: Հիվանդության ախտանիշներն այն ժամանակ են բացահայտվում, երբ օրգանիզմում առաջացած հակամարմինները ռեակցիայի մեջ են մտնում ախտածին մանրէների կամ օրգանիզմ ներթափանցած օտար (հակածին) նյութերի հետ: Օրգանիզմի հակամարմինների հակազդեցության այս փոփոխությունը Պիրկեն անվանեց ալերգիա (հունարեն` allos - օտար, փոփոխված և ergos - հակազդեցություն բառերից):
Ժամանակակից պատկերացումներով, ԱՌ-ն քթի լորձաթաղանթի իմունոգլոբուլին E-ով միջնորդված բորբոքումն է, որին բնորոշ են իմունաբանական, ախտաքիմիական, ախտաֆիզիոլոգիական հաջորդական փուլերը: Քթի խոռոչից ալերգենի ժամանակին հեռացումը էական դեր ունի հնարավոր զգայունացումից խուսափելու համար: Զգայունացմանը նպաստում է քթախտի` ալերգիկ ծագման սուր նոպայի առաջացումը (անզուսպ փռշտոց, քթային շնչառության խիստ դժվարացում, քթից առատ արտադրություն, քթի խոռոչում այրոցի և քորի զգացում): Հաճախ առաջանում է նաև կարծր քիմքի, ըմպանի, ականջների և աչքերի քոր: Այս ռեակցիան օրգանիզմի և հյուսվածքների ընդհանուր հակազդեցության փոփոխության ախտանիշ է, որում իր ուրույն դերն ունի ներզատական և կենտրոնական նյարդային համակարգի վիճակը:
Օրգանիզմի վրա, սակայն, որոշ բացասական ազդակների ներգործության դեպքում (տեղային և ընդհանուր սառեցում, խրոնիկական բորբոքում, շնչուղիների սուր վարակներ, ալկոհոլով, ծխախոտով ինքնաթունավորում, վահանագեղձի, մակերիկամների ֆունկցիայի, սննդային խանգարումներ, ինչպես նաև C, P վիտամինաքաղց, բացասական հույզեր և այլն), անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, և քթի լորձաթաղանթի հաստության մեջ հակամարմինների անցման հնարավորություն է ստեղծվում:
Քթի խոռոչի լորձաթաղանթն ալերգենի հետ հետագա` կրկնակի շփման դեպքում դառնում է խիստ զգայուն և «հակածին-հակամարմին» փոխազդեցության պահին զարգանում է ալերգիկ բորբոքման ախտաքիմիական փուլը, որի ընթացքքում հյուսվածքներից անջատվում են կենսաբանական ակտիվ նյութեր` թրոմբոցիտների ակտիվացմանը նպաստող գործոններ, որոնց պատճառով առաջանում է կլինիկական սուր նոպա: 4-6 ժամ անց ձևավորվում է ալերգիկ ռեակցիայի ուշ` ախտաբանաֆիզիոլոգիական փուլը, որտեղ մեծ դեր են խաղում արյան ձևավոր տարրերը: Դրանց կուտակումներով է պայմանավորված շնչառական օրգանների գերզգայուն լորձաթաղանթի և այլ օրգանների ալերգիկ ծագման բորբոքումը:
Ներկայումս հաշվվում են ալերգեն-հակածին հատկություններ ունեցող մի քանի հարյուր նյութեր` վարակային (վիրուսներ, սնկեր, մանրէներ), արդյունաբերական (գաջ, գիպս, ալյուր, մետաղների փոշիներ), կենցաղային, դեղորայքային, բնական` ծառերի, ծաղիկների, խոտերի փոշի: Տարբերում են ԱՌ-ի սեզոնային և մշտական` խրոնիկական ձևերը: Մշտականն իր հերթին կարող է լինել խառը, սննդային, մանրէային-վարակային, դեղորայքային:
Սեզոնային հարբուխի տիպիկ օրինակ է «հարդային» հարբուխը: Այդ փոշեծին պոլինոզն առաջանում է շնչուղիների մեջ աղվեսագու, սագաթաթի, օշինդրի և բուսական այլ փոշիներ ընկնելիս: Խառը ինհալացիոն քթախտն առաջանում է կենցաղում հաճախ հանդիպող ալերգեններից (բմբուլի բարձ, ծխախոտի ծուխ, ալյուրի փոշի, շրթներկ, դիմափոշի և այլն), ինչպես նաև քրոմ, նիկել, ֆորմոլ, սնկային, վիրուսային հակածիններ:
Համարում են, որ փոշեհատիկների (բնակարանի փոշի, փետուրներ և բարձի բմբուլ) մեջ կան գրգռող` հակածին արտադրող հատուկ տզեր:
Սննդային (ալիմենտար) ծագման ալերգիկ քթախտի առաջացմանը մեծապես նպաստում են մորին, ելակը, սնկերը, մեղրը, ձուն, ձկնկիթը, ձուկը, միսը, սուրճը, կակաոն, կարտոֆիլը, լոլիկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ալերգիաների հաճախացման մեջ մեծ դեր է խաղում դեղորայքային ալերգիան (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սալիցիլատներ, ասպիրին, նույնիսկ` հակահիստամինային պատրաստուկները, քթի մեջ կաթեցնելու համար նախատեսված անոթասեղմիչներ):
Զգայունության մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստում են ալերգենի ակտիվությունը, խտությունը և ազդեցության տևողությունը:
Ժառանգական հատկանիշները, ինչպիսիք են ներզատական ապարատի (առաջին հերթին մակուղեղ-մակերիկամային համակարգի), նյութափոխանակության խանգարումները, կապված լյարդի ֆունկցիայի փոփոխությունների հետ (արյան մեջ չհագեցած ճարպաթթուների անբավարարություն, ծծմբի փոխանակության խանգարում և այլն), շատ դեպքերում պայմանավորում են օրգանիզմի իմունային փոփոխված հակազդեցության զարգացումը:
Հայտնի է, որ ԱՌ-ն հաճախ կարող է բրոնխային ասթմայի` շնչահեղձության նախանշանը լինել: Թոքերում ալերգիկ երևույթներն արտահայտվում են այն դեպքում, երբ քթի խոռոչի լորձաթաղանթը կորցնում է ալերգենն իր մեջ պահելու կամ դուրս մղելու հատկությունը: Շնչառական ուղիների ալերգիկ երևույթները հաճախ ուղեկցվում են մաշկային ծածկույթների ալերգիկ ռեակցիաներով` մաշկի քոր, մոլաքոր, մաշկախտ, անոթանյարդախտային (անգիոնևրոտիկ) այտուց, ուժեղ գլխացավ և այլն:
Ալերգիկ ծագման քթախտի կլինիկայի մասին խոսելիս պետք է ընդգծել, որ խոսքը վերաբերում է ամբողջ շնչուղու համակարգային ախտահարմանը` քթային ախտանիշների գերակշռմամբ. նոպայաձև, տանջալից, անզուսպ փռշտոց, հատկապես առավոտյան ուղեկցվելով քթային շնչառության խիստ դժվարացմամբ, ջրային առատ արտադրությամբ (մի քանի րոպեում թրջվում են մի քանի թաշկինակներ), խոռոչում այրոցի և քորի զգացումով, որը տարածվում է կարծր քիմքի, ըմպանի, ականջների և աչքերի վրա: Սեզոնային բնույթի քթախտի նոպաները հաճախանալու հակում ունեն ցուրտ և խոնավ եղանակին, քամու ժամանակ, հակառակ «հարդային» հարբուխի, որն առաջանում է գարնանը և ամռանը ծառերի, խոտերի և ծաղիկների ծաղկման շրջանում, ոչ անձրևային, շոգ եղանակի ժամանակ:
Խրոնիկական ալերգիկ քթախտին բնորոշ են տարբեր շրջաններ` ջղաձգային (պարօքսիզմալ), լորձաթաղանթաբորբոքային (կատառային), անոթների լայնանալու, այտուցային, հիպերպլաստիկ և պոլիպային:
ԱՌ-ի ախտորոշման համար անհրաժեշտ են.
- հիվանդության նկարագրի մանրակրկիտ ուսումնասիրություն,
- հիվանդի ընդհանուր վիճակի և շնչուղիների հետազոտություն,
- ալերգաբանական հատուկ հետազոտություն: Պարզում են հիվանդության սեզոնայնությունը, դրա կապը հիվանդի` այս կամ այն տեղում գտնվելու հետ, բնակավայրի` արդյունաբերական շենքերին մոտ գտնվելը, տնային կենդանիների առկայությունը, կահ-կարասու առանձնահատկությունները: Կարևոր է պարզել ժառանգական նախատրամադրվածությունը, օրգանիզմի գերզգայունությունը և ալերգիկ այլ երևույթներ` հաստ աղիքի կծկանքային բորբոքում (սպաստիկ կոլիտ), մաշկախտ, կվինկեի այտուց, բրոնխային շնչահեղձուկ, ուժեղ գլխացավ, մոլաքոր: Հետազոտությամբ արյան մեջ հայտնաբերվում է էոզինոֆիլների քանակի ավելացում (4% և ավելի), քթի պարունակության բջջաբանական հետազոտությամբ` էոզինոֆիլիա,
- մաշկաալերգիկ փորձերը դրվում են ամենակասկածելի ալերգենների շարքի հետ, կաթիլային, ներմաշկային կամ մաշկի քերծվածքի մեջ: Դրանց նկատմամբ բարձր զգայունության պայմաններում մի քանի րոպեից հետո կամ 24-48 ժամ անց առաջանում է մաշկի գերբորբոքային ռեակցիա,
- հիստամինի քանակի ավելացում, իմունաբանական զանազան փորձերի կիրառում, արյան շիճուկում IgE-ի խտության որոշում:
Ալերգիկ հիվանդությունների բուժման ընդհանուր սկզբունքը հետևյալն է:
- Ալերգենի հայտնաբերումը, դրա պատճառների վերացումը շրջապատում և առանձնահատուկ ապագերզգայունացնող միջոցների օգտագործումը` հակահիստամինային պատրաստուկներ, դիազոլին, պերնովին, տավեգիլ, դելագիլ, դեզլորատադին, տեղային` գլուկոկորտիկոիդներ և տարբեր դեղամիջոցներով ֆոնոֆորեզներ ու էլեկտրոֆորեզներ, լազերային բուժում և ասեղնաբուժություն բուժական քաղց` ջրի սահմանափակ օգտագործմամբ:
- Պայքար ուղեկցող վարակի դեմ:
- Առողջ ապրելակերպի կազմակերպում, ընդհուպ մինչև շրջակա միջավայրի առողջացում:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն